L24.AM

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:

Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:

Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:

Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:

Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:

Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա,
ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:

Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:

Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն:

Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում:

Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»,- գրել է Թաթոյանը։

Հայաստանում հանրությունը մոլորված է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Լուրերում տեսնում են, որ թշնամին գալիս, առանց մի կրակոցի հայ զինվորին դուրս է հանում իր մարտական դիրքից, ծնկի բերում, հետո հրահանգում հեռանալ իր հենակետից։ Տեսնում ու չեն կարողանում հասկանալ, թե ո՞նց է դա հնարավոր դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

«Հայաստանում հանրությունը մոլորված է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Լուրերում տեսնում են, որ թշնամին գալիս, առանց մի կրակոցի հայ զինվորին դուրս է հանում իր մարտական դիրքից, ծնկի բերում, հետո հրահանգում հեռանալ իր հենակետից։ Տեսնում ու չեն կարողանում հասկանալ, թե ո՞նց է դա հնարավոր դարձել։

Հետո կարդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Փաշինյանը մի անհասկանալի երևույթին մյուսով է փոխարինում։ Մի անգամից հարց է առաջանում՝ ինչու՞։ Բա այդ դիրքերի անվտանգության ու զինվորների ծառայության համար ԳՇ պետ Արտակ Դավթյա՞նը չէր պատասխանատու։ Նորից անորոշություն։

Իսկ ԱԽ-ն երեկ ի՞նչ որոշեց։ Գրել էին, թե կարևոր որոշումներ պետք է կայացնեն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը պահելու համար։ Բա ռուսներն ի՞նչ են ասում։ Բա մենք ՀԱՊԿ անդամ չէի՞նք։ Ախպեր, Ալիևն ի՞նչ ա ուզում։ Չկշտացա՞վ դա։ Նախկիններն էլ էնտեղ են ինչ-որ ցույցեր ուզում անեն, չե՞ն հասկանում, որ թշնամու ջրաղացին են ջուր լցնում… Հարցեր, հարցեր, հարցեր։ Մարդիկ իսկապես այլևս ոչինչ չեն հասկանում։

Մեր հասարակությունն այսքան ապակողմնորոշված երբեք չի եղել։ Ոչ էլ այսքան խաբված։ Մարդիկ այլևս չգիտեն՝ ում հավատալ և ում՝ ոչ։ Շառից-փորձանքից հեռու լինելու համար որոշել են ոչ ոքի չհավատալ։ Պրոբլեմ է. այսպես թե շարունակվեց, վաղը - մյուս օր ավելի դժվար կացության մեջ կհայտնվենք։ Հաստատ կգտնվեն այնպիսինները (ես նույնիսկ գիտեմ, թե ինչպիսիք), ովքեր կօգտվեն այս իրավիճակից ու ժողովրդին մի այլ կործանարար ուղով կտանեն։

Ուրեմն ի՞նչ է պետք անել։ Նախ և առաջ ամեն կերպ հակազդել իշխանական կաբինետներից հորդացող ստի ալիքներին։ Առանց ավելորդ էմոցիաների, առանց հայհոյախոսության ու նույնիսկ վիրավորանքների հանգիստ նկարագրել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել են հայկական պետությունները։ Հետո փորձել բացահայտել այդ իրողությունից բխող հիմնական սպառնալիքները, հասկանալ, թե դիմադրության ինչ ռեսուրս կա, խելամիտ ինչ քայլեր է կարելի անել և որտեղ է, որ անիմաստ ժամանակ ենք վատնում։ Կոպիտ ասած՝ պետք է հաշվառենք մեր կարողություններն ու խնդիրները, բացահայտենք հավելյալ ռեսուրսների աղբյուրները և գործի անցնենք։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է բոլորս լավ գիտակցենք և որի մասին արդեն շատ է խոսվել, այն է, որ փրկիչներ չկան։ Եվ չեն էլ կարող լինել։ Ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ, առավել ևս, դրսում։ Բավական է աջ ու ձախ նայել։ Սրանից-նրանից փրկություն սպասել։ Չի լինելու։

Մեր միակ փրկիչը մենք ինքներս ենք՝ ժողովուրդն ու նրա՝ փրկվելու կամքը։ Սա է։ Դժգո՞հ ենք ժողովրդի վարքագծից, պատճառն էլի մենք ենք։

Ինչպես կասեր ընկեր Ստալինը, ուրիշ ժողովուրդ ձեզ համար չունենք։ Ինչ անելու է, մեր ժողովուրդը պետք է անի։ Եվ միայն ժողովուրդն է կարող դա անել։ Հետևաբար ետ շրջվեք դեպի ժողովուրդը։ Ու խոսեք մարդկանց հետ, բացատրեք իրավիճակի նրբությունները։ Դա է փրկության, իսկ հետո նաև վերականգնման ու հզորացման միակ ճանապարհը»,- գրել է քաղաքագետը։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես.
Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ կայուն հարաբերությունները կարեւոր են ամբողջ միջազգային հանրակցության համար: Նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկա-չինական կայուն հարաբերությունները չափազանց կարեւոր են ամբողջ միջազգային հանրակցության համար»,- նշել Է նա՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջեւ կայացած առցանց բանակցությունները մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին:
 
Միեւնույն ժամանակ նախարարը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ճապոնիայի կառավարությունն ուշադրությամբ կհետեւի Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նոյեմբերի 15-ին կայացել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների առցանց բանակցությունները. դա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն Է 2021 թվականի հունվարին Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ պետությունների ղեկավարները փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Երկու օր՝ Բաքվի զինվորականների ներխուժման եւ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկության ֆոնին, ակտիվացել է ռուսական կողմին պատնեշելուն կոչված քարոզչությունը։ Հար եւ նման նախորդ դեպքերին, կամ ինչպես Արցախում Բաքվի սպանություններից ու այլ հանցագործություններից հետո, երբ թմբկահարվում է «Ադրբեջանը հարվածում է ռուս խաղաղապահների հեղինակությանը»։

Այս անգամ «ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող աղբյուրը» հայտնել է (Հրապարակ), որ «նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո: Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»: Ամենաուշագրավն այն է, որ ռուսական տարբեր խողովակներով փորձում են համոզել ՀՀ ընդդիմությանը, հեղինակություն վայելող անձանց, որ` դադարեցրեք ճնշումները, եթե չեք ուզում առանց դեմարկացիայի, զինված ուժով եւ զոհերի գնով տարածքներ տաք: Ռուսական էմիսարները, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանը, հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ եւ հորդորում չխանգարել իրավական գործընթացներին, թույլ տալ, որ սահմանազատում իրականացվի փաստաթղթով, որ Ռուսաստանն էլ կարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ: Եվ ամենակարեւորը` պատերազմ, զոհեր եւ տարածքների անօրինական զավթում տեղի չունենա»:

Ակնհայտ է այսպես կոչված «եռակողմ թղթերի»՝ Հայաստանի համար շահավետության կամ անայընտրանքայնության պարտադրման փորձը, այդ թվում՝ սահմանազատման պայմանագիրը։ Ռուսաստանն այնքան է խրվել իր հակահայ ծրագրերում, որ ռուսական կողմից ինչ արտահոսում է՝ անթաքույց սպառնալիք է ու միաժամանակ խոստովանություն։

Տվյալ պարագայում հաստատվում են այն պնդումները, որ Բաքվի ներխուժումները առաջնորդում է Մոսկվան՝ Հայաստանին սահմանազատում պարտադրելու, պատերազմի արդյունքները ճանաչելու, Հայաստանի համար Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի կորուստը Երեւանի ստորագրությամբ «օրինականացնելու», ռուս-թուրքական պատերազմական հանցագործությունները պարտակելու նպատակով։ Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները պայմանավորված են Մինսկի խմբի ակտիվացմամբ եւ ՄԱԿ ԱԽ-ում Արցախի վերաբերյալ հնարավոր բանաձեւի քննարկմամբ։

«Ռուսաստանի աջակցությունը» Մոսկվա-Բաքու պայմաններով այս ամենին համաձայնելն է, ուրիշ ոչինչ, թեեւ դա էլ խիստ հարաբերական է՝ ՌԴ աշխարհքաղաքական նահանջով պայմանավորված։

Դժվար է ասել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նոյեմբերի 9-ի տեսակոնֆերանսին, որի ժամանակ Պուտինն ու Ալիեւը պետք է նշեին «Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ տարած հաղթանակի» մեկ տարին։ Չի՞ ցանկացել ինքն էլ մասնակցել Պուտինի ու Ալիեւի տոնին, թե՞ իսկապես զգուշացել է ներքին դժգոհություններից։ Դիմադրո՞ւմ է պայմանագրերի ստորագրմանը, թե՞ տվել է իր համաձայնությունը։ Բաքվի ներխուժումներին զինված դիմադրության բացակայությունը պայմանավորվա՞ծ է, թե՞ դա «ռուսների ուղիղ հրահանգը կատարող նախարարի» արածն է։

Եթե կա դիմադրություն պայմանագրերին, պետք է դիմադրություն լինի նաեւ ներխուժումներին, քանի որ չկան խորհրդային քարտեզներ ու իրավական հիմքեր, կա տարածքի իրավազորության, այսինքն՝ վերահսկողության խնդիր։ Մոսկվան ու Բաքուն կանգ չեն առնելու, դիմադրությունը պետք է ծավալվի բոլոր ուղղություններով։ Մոսկվան շատ էր զգուշանում հայերի դիմաց միայնակ, առանց պրոքսիի կանգնելու հեռանկարից․ դա շատ մոտ է։

Սկզբնաղբյուր

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքների լիակատար եւ խորը փոխանակում են  կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ եւ հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի  շուրջը»,- նշում Է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել Է 08:46-ին (Երեւանի ժամանակով 04՛:46-ին):
 
Առաջին կեսը տեւել Է շուջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել Է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) եւ տեւել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ երկու ղեկավարների բանակցությունները տեւել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել:

«Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կողմից վավերցված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմանի պայմանագրի, 2009 թվականի մարտի 1-ից սկսած՝ ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական AZAl ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից, եւ որ վերջինիս «Օդային երթեւեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ եւ վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարված չվերթների աերոնավիգացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տեւողությունը կազմում է մոտ 2,5-3 ամիս»,- ասված էր կոմիտեի ուղարկած պաշտոնական գրության մեջ։

Իրար կողքի շարված մասնագիտական արտահայտություններն ու բառերը վերծանել չէր լինի, եթե չլիներ բանալի բառը՝ «Եվրոկոնտրոլ»: Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը:

«Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում:

Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու»:

Սեպտեմբերին արտասահմանից դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանում ֆիզիկական անձանց օգոստոսի համեմատ ավելացել է 3,1 մլն դոլարով (կամ 1,6 տոկոսով)։ Ընդ որում՝ Ռուսաստանից դրամի ներհոսքը աննշան կրճատվել է՝ 0,6 մլն դոլարով (կամ 0,8 տոկոսով), իսկ ԱՄՆ-ից ավելացել է 1,1 մլն դոլարով (2,2 տոկոսով)։

Ոլորտի վիճակն ավելի լավ պատկերացնելու համար դիտարկենք դրամական փոխանցումների դինամիկան ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին։ Գծապատկերներից առաջինում ներկայացված է դրամական փոխանցումների ներհոսքի գումարը մլն ԱՄՆ դոլարով, առանձին՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ մնացած երկրների խումբը։

Եվ այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան կատարված դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1,5 մլրդ դոլար եւ տարեկան հաշվարկմամբ ավելացել 258,3 մլն դոլարով (կամ 20,2 տոկոսով)։ Այս առաջընթացը հիմնականում կապված էր ԱՄՆ-ից փոխանցումների կտրուկ ավելացման հետ մոտ 115,2 մլն դոլարով (կամ 38,1 տոկոսով)։ Ռուսաստանը աճի բացարձակ գումարով (73,1 մլն դոլար կամ 13,1 տոկոս) զբաղեցրել է վարկանիշի երկրորդ տեղը։

Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքում իր դերն է խաղացել նաեւ նոր գործոն՝ Արցախում 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները։ Մեր մեծաթիվ սփյուռքի (ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում) ներկայացուցիչները որոշել են նյութական օգնություն ցուցաբերել Հայաստանում իրենց հայրենակիցներին։

Բացարձակ գումարով Ռուսաստանը նախկինի պես երկրների մեջ առաջատարն է, որտեղից մեզ մասնավոր փոխանցումներով գումար է ուղարկվում (տե՛ս երկրորդ գծապատկերը)։ Փողը փոխանցվում է ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ այդ երկրում մեր աշխատանքային միգրանտների կողմից։ Այս տեսակետից պակաս կարեւոր նշանակություն չունեն ռուսաստանյան տնտեսության վիճակն ու դրա զարգացման հեռանկարները։

Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալն ավելացել է 4,7 տոկոսով, շինարարությանը՝ 6,0 տոկոսով, մանրածախ առեւտրինը՝ 8,4 տոկոսով եւ այլն։ Բնակչության իրական եկամուտները ավելացել են 4,4 տոկոսով, այդ թվում աշխատավարձը՝ 3,0 տոկոսով։ Եթե ելնենք այս թվերից՝ մեր հյուսիսային հարեւանի տնտեսական վիճակը այժմ ավելի լավ է, քան  անցած տարի։ Բայց կոնկրետ աշխատանքային միգրանտների համար կարող են նոր խնդիրներ առաջանալ։

Ահա «թարմ» նորություն. Մոսկվայի քաղաքապետարանը մտադիր է լիովին հրաժարվել կառույցներում աշխատող միգրանտներից։ Մինչդեռ, մեր աշխատանքային միգրանտների զգալի մասը զբաղվում է հենց շինարարությամբ, այդ թվում Մոսկվայում։ Այնպես որ, մնում է միայն հուսալ, որ այդ «նախաձեռնությունից» այնտեղ կհրաժարվեն։

Հայաստանից փողի արտահոսքը, ըստ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների, տարեկան հաշվարկով հունվար-սեպտեմբերին ավելացել է 17,8 մլն դոլարով (կամ 2,1 տոկոսով)։ Սկզբում նշենք, որ դրամական փոխանցումների վիճակագրությունում խնդիրներից մեկը դրանց տարբերակվածությունն է կոմերցիոնի եւ ոչ կոմերցիոնի։ Ուղարկողը տեղեկանքում փոխանցման իրական նպատակի փոխարեն կարող է նշել միանգամայն այլ նպատակ։ Ուստի այստեղ մնում է միայն ենթադրություններ անել։

Օրինակ՝ հունվար-սեպտեմբերին զգալիորեն աճել է դեպի Չինաստան տրանսֆերտների ծավալը` 15.7 մլն դոլարով (կամ 40.9 տոկոսով)։ Այդ երկրի հետ ամեն ինչ պարզ է. անցած տարի որոշակի անկումից հետո կոմերցիոն օպերացիաները վերսկսվեցինե եւ ընդլայնվեցին: Հաշվի առնենք նաեւ, որ աշխարհի խոշորագույն առցանց խանութներից մեկը՝ AliExpress-ը, գտնվում է Չինաստանում, որի միջոցով կարելի է համեմատաբար էժան ապրանքներ պատվիրել, ընդ որում՝ ե՛ւ անձնական օգտագործման, ե՛ւ վերավաճառքի համար։

Հավելենք, որ հունվար-սեպտեմբերին Թուրքիա մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 2 անգամ։ Դա պայմանավորված է անցյալ տարվա իրադարձություններից հետո թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման արգելքով։ Արդյունքում հայկական ապրանքային շուկայում թուրքական արտադրանքի հատվածը սկսեց փոխարինվել այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից ներկրմամբ։

Ավանդաբար, մասնավոր փոխանցումներով Հայաստանից փողի արտահոսքի ամենամեծ ուղղությունը Ռուսաստանն է (տես երրորդ գրաֆիկը): Այդ երկիր փոխանցումների նպատակների շրջանակը բավականին ընդարձակ է, ուստի մենք կներկայացնենք դրանցից միայն մեկը, որը բավականին տարածված է։ Մեր առեւտրականները Ռուսաստանում ապրանքների համեմատաբար փոքր խմբաքանակ են գնում՝ վերավաճառքի համար:

Արտահոսքի առումով երկրորդն ԱՄՆ-ն է։ Հունվար-սեպտեմբերին այդ երկիր դրամական փոխանցումները հասել են 138.4 մլն դոլարի, իսկ տարեկան կտրվածքով աճել են 37.4 մլն-ով (կամ 37.0 տոկոսով): Հիշեցնենք, որ ինը ամիսների կտրվածքով ԱՄՆ-ում փողի բացարձակ արտահոսքի ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին (234.3 մլն դոլար)՝ Հայաստանում իշխանափոխությունից մեկ տարի անց։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ դրամական փոխանցումները հիմնականում ոչ կոմերցիոն բնույթ են կրում, վերջին տարիների այս միտումները կարելի է ծայրահեղ բացասական երեւույթ համարել՝ կապիտալի փախուստ երկրից։

Դրամական ներհոսքի գերազանցող աճի տեմպերի շնորհիվ հունվար-սեպտեմբերին տրանսֆերտների ընդհանուր դրական մնացորդը, կազմելով 670.2 մլն դոլար, տարեկան կտրվածքով աճել է 240.6 մլն դոլարով (կամ գրեթե 1.6 անգամ):

Հունվար-սեպտեմբերին տրանսֆերտների միջոցով դրամական ներհոսքի նկատելի աճը երկրի արտարժույթի շուկայում դոլարի (նաեւ եվրոյի եւ ռուսական ռուբլու) առաջարկի հարաբերական աճի հանգեցրեց։ Հունվար-սեպտեմբերին տարադրամի փոխանակման կետերի շրջանառությունն աճել է (տարեկան կտրվածքով) դոլարների մասով գրեթե 1.3 անգամ, եվրոյի մասով՝ 1.5, իսկ ռուսական ռուբլու մասով՝ 1.4 անգամ։ Եթե ​​դրանք բերենք միասնական արժույթի, ապա պատկերը հետեւյալն է. ԱՄՆ դոլարին բաժին է ընկնում փոխանակման կետերի շրջանառության մոտ 70 տոկոսը, եվրոյին՝ 8 տոկոսը, իսկ ռուսական ռուբլուն՝ 22 տոկոսը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իմքայլական, այժմ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի երեկվա գրառումը զարմանք է առաջացրել ընդդիմադիրների շրջանում։ Թովմասյանը նկատել էր, որ երկրում ստեղծված օրհասական դրության պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատել՝ որպես օրենսդիր, եւ ընդդիմության առաջնորդներին առաջարկել էր՝ «հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են»։

Ընդդիմության շարքերում կասկածներ ունեն, որ Թագուհին միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողներին»։ «Հայաստան» դաշինքից մի քանիսը երեկ հրաժարվեցին հրապարակավ արձագանքել այս կոչին, իսկ Ագնեսա Խամոյանը հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ Թագուհի Թովմասյանն արդեն հրաժարվե՞լ է իր մանդատից»։

ԼՐԱՀՈՍ